Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանը և քուրդ անջատողականները

Ռուսաստանը և քուրդ անջատողականները
11.02.2019 | 10:38

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Անկարան կլրացնի վակուումը Եփրատի արևելյան ափին` Իրանի ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ ու խորհրդակցություններով: Մոսկվա այցի ժամանակ արված հայտարարությունները, Ջոն Բոլտոնի Անկարա այցից մի քանի օր առաջ, վկայում են, որ թուրքերը համոզված էին, որ ԱՄՆ-ը իր զորքերը Սիրիայից հանելու շուրջ խնդիր է ստեղծել ու չի կարողացել լուծել: Միևնույն ժամանակ հաղթաթղթերի մեծ մասը Մոսկվայի ձեռքում է` ներառյալ քուրդ անջատողականների խնդիրը: Քրդերը մեկնեցին Դամասկոս ու հանդիպեցին ռուս պաշտոնյաներին, որից հետո կայացավ հանդիպումը Մոսկվայում` ակնկալիքով, որ Իրանն ու Թուրքիան կպատասխանեն իրենց առաջարկին Եփրատի արևելյան ափին վակուումը լցնելու մեխանիզմի վերաբերյալ: Սակայն քուրդ անջատողականների տարաձայնությունները շատ են:

Մի թևը ուզում է գործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ, երկրորդը` նախընտրում է գործակցությունն ամերիկացիների հետ և այդ պատճառով նրանց բանակցային դիրքը թույլ է, իսկ նրանց ու Սիրիայի վարչակարգի միջև տարածությունը մեծանում է: Սիրիայի դեմոկրատական ուժերի հայտնի ղեկավարներից մեկը` Ռեդուր Խալիլը Ֆրանս Պրեսին հարցազրույցում հայտարարել է, որ անխուսափելի է Դամասկոսի հետ համաձայնության կնքումը քրդերի ապագա ինքնավարության շուրջ: Այդ ընթացքում Սիբան Խամուն Սիրիայի դեմոկրատական ուժերի ու Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների անունից բանակցություններ է վարում Ռուսաստանի ու սիրիական վարչակարգի հետ Դամասկոսում ու Մոսկվայում` ընդգծելով քուրդ զինվորների ներկայության անհրաժեշտությունը իրենց շրջաններում` նրանց սիրիական բանակին զինվորագրվելու հնարավորությամբ: ԱՄՆ-ում Սիրիայի դեմոկրատական խորհրդի ներկայացուցիչ Բասամ Իսհակը, հակառակը, հայտարարեց, որ խորհուրդը չի ցանկանում սիրիական վարչակարգի ու նրա դաշնակիցների ներկայությունը, նաև` թուրքերի ու ընդդիմադիր խմբավորումների, որ կռվում են Անկարայի կողմում Եփրատի արևելյան ափին: Սիրիայից ԱՄՆ-ի հեռանակու պատկերը խուճապի մատնեց քուրդ անջատողականներին և դուռ բացեց թուրքերի, ռուսների ու իրանցիների հետագա համագործակցության համար: Առավելևս, որ նախկինի պես կա ազդեցիկ քրդական թև, որ դեռ ԱՄՆ-ին համարում է իր անվտանգության երաշխավոր կամ հաղթաթուղթ, որը կարող է օգտագործել Դամասկոսի կամ Անկարայի վրա ճնշում գործադրելու համար: Սակայն նրանց հույսերը չարդարացան Ջոն Բոլտոնի Անկարա այցից և ձեռնունայն հեռանալուց հետո: Իսկ դա նշանակում է, որ քրդերին սպասում է բանակցությունների նոր փուլ Մոսկվայում ու Դամասկոսում, բայց այս անգամ ավելի համեստ ակնկալիքներով:
Հազեմ Այադ, As-Sabeel, Հորդանան


Հ.Գ. Զարմացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա Fox News-ին հարցազրույցում հայտարարել է, որ կողմ է Սիրիայի քաղաքական կառույցների ձևավորման գործընթացներին Ասադի կառավարության մասնակցությանը՝ զինված հակամարտության ավարտից հետո: Նա բացասական է որակել Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Իրանի դերը: «Մենք ցանկանում ենք բոլոր ջանքերը գործադրել, որ բոլոր տարբերակները բաց լինեն, երբ կսկսեն քաղաքական քննարկումները»,- հայտարարել է Մայք Պոմպեոն։ «Մենք մեծ հույս ունենք, որ կկարողանանք սեղանի շուրջ հավաքել տարածաշրջանի բոլոր վատ դերակատարներին, ռուսներին և իրանցիներին, Ասադի կառավարության վարչակազմին և մյուս բոլոր շահագրգիռ կողմերին, որ հանդիպեն և զրուցեն, թե ինչպիսին կարող են լինել Սիրիայում քաղաքական կառույցները քաղաքացիական պատերազմից հետո»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:


Իսկ Կահիրեի Ամերիկյան համալսարանում նա ասել է. «Սիրիայում ԱՄՆ-ը կգործի դիվանագիտական ճանապարհով այնպես, որ մինչև վերջին իրանցին լքի երկիրը: ՄԱԿ-ի աջակցությամբ կաշխատի վերջ տալ սիրիացի ժողովրդի տառապանքներին և կայունություն ու անվտանգություն ապահովի երկրում»: Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ-ն աշխատում է Մերձավոր Արևելքի նոր ռազմավարական դաշինքի ձևավորման ուղղությամբ, որը կօգնի դադարեցնել տարածաշրջանում փոխադարձ սպառնալիքներն ու խթանել տնտեսական ու էներգետիկ փոխգործակցությունը պետությունների միջև: Հետաքրքիր է` ո՞ր երկրում է նա խոսելու քրդերի մասին: Թե՞ չի խոսելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ